30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում կազմակերպված զանգվածային ջարդերի նպատակն էր հայերին վախեցնել նոր ցեղասպանությամբ եւ ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական շարժումից։ Այս մասին փետրվարի 28-ին՝ ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը։
«30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետեւանքով դաժանաբար սպանվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ»,-նշել է ԱԺ նախագահը։
Նա ընդգծել է նաեւ, որ 30 տարի առաջ իրականացված ոճրագործությունը, ցավոք, չի արժանացել միջազգային հանրության պատշաճ գնահատականին, իսկ անպատժելիությունը հնարավորություն է տվել Ադրբեջանին այնուհետ իրականացնել ջարդեր Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում եւ Ադրբեջանի այլ հայաբնակ բնակավայրերում։
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցելու միջնորդության որոշումից ընդամենը մի քանի օր անց, Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդերը: Տեղական իշխանությունների եւ ոստիկանության անգործության պայմաններում ազգային պատկանելիության պատճառով զանգվածային սպանությունները, բռնաբարություններն ու ծաղրանքները դադարեցնել հաջողվել է միայն ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների՝ քաղաք մուտք գործելուց հետո: Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ կոտորածները հրահրվել էին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ իր գլխավորած Նախիջեւանի կլանի կողմից, որոնց նպատակն էր վարկաբեկել հանրապետության ղեկավարությանը եւ նորից գլխավորել հանրապետությունը: Նմանատիպ իրավիճակ էր տիրում նաեւ 1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում տեղի ունեցած հայերի էլ ավելի զանգվածային ջարդերի ժամանակ:




























