Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունների վերսկսումն անհնար է, հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը՝ Թուրքիային մեղադրելով միջազգային իրավունքի խախտման համար նավթի եւ գազի հետախուզուտյան վերաբերյալ տարաձայնությունների կապակցությամբ, փոխանցում է Reuters-ը:
«Ցավոք, Թուրքիան եւ մեր հայրենակիցները՝ կիպրոսցի թուրքերը, կարծես, ոչ միայն չեն ցանկանում (կրկին մասնակցել բանակցություններին), այլեւ միջազգային իրավունքի լրացուցիչ խախտումներով եւ անընդունելի պահանջներով անհնարին են դարձնում բանակցությունների վերսկսումը, թերեւս՝ հիմա»,- երկրի խորհրդարանում հայտարարել է Անաստասիադիսը: Կիպրոսի նախագահի խոսքով՝ նա պատրաստ է վերսկսել երկխոսությունը, եթե Թուրքիան հրաժարվի իր «անօրինական գործողություններից», իսկ կիպրոսցի թուրքերը՝ «անընդունելի պահանջներից»:




























