Ճապոնիայի Կյուսյու կղզու Կիրիսիմա լեռնաշղթայի գործող հրաբուխ Սիմոեում գրանցվել է ոչ մեծ ժայթքում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի օդերեւութաբանական գլխավոր վարչությունը:

Օդերեւութաբանները հրաբխային ցնցումը գրանցել են տեղական ժամանակով 08.50-ին: Հինգշաբթի կեսօրի տվյալներով՝ հրաբխի շրջանում ցնցումները շարունակվել են: Ներկայումս օդերեւութաբանները չեն կարողանում որոշել՝ արդյոք հրաբխից ծխի սյուն բարձրանում է, թե ոչ, քանի շրջանում եղանակային վատ պայմաններ են, եւ տեսանելիությունը ցածր է:

Հաղորդվում է հրաբխային մոխիր թափվելու մասին Տակախարու բնակավայրից ոչ հեռու, որը հրաբխից 10 կմ հեռավորությամբ է գտնվում:
Սիմոեի վերջին ժայթքումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին: Այդ ժամանակ հրաբխից նետվել էր 300 մետր բարձրությամբ ծխի սյուն: