«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշում է կայացրել ֆինանսական միջոցներ հատկացնել Վրաստանին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Նիկո Մծեդլիշվիլին:
Նրա խոսքով, հունվարի 5-ին կայացել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի նիստը, որի նախագահը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Այդ նիստում որոշվել է, որ ֆինանսական օգնություն կստանան Վրաստանն ու Գանան: Տրամադրվող գումարի չափը կհստակեցվի ավելի ուշ, գրում է «Գռուզիա online»-ը:
«Ենթադրվում է, որ ստացվող միջոցները կուղղվեն Բաթումիում ամերիկյան տեխնոլոգիական համալսարանի կառուցմանը եւ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը: Տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար կծախսվի 40-50 մլն լարի: Այդ համալսարանի շրջանավարտները կստանան ամերիկյան դիպլոմներ»,- ասել է նա:




























