Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման որեւէ համոզիչ ապացույց չկա. թեման արհեստական բնույթ է կրում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քաղաքական առումով առճակատումը զարգացել է բարդ մարդասիրական իրավիճակի, ինչպես նաեւ Դամասկոսի հասցեին քիմիական զենքի կիրառման համար անհիմն մեղադրանքների շուրջ: Վերջին թեման զուտ արհեստական բնույթ էր կրում, քանի որ մինչ այժմ Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման մասին որեւէ համոզիչ ապացույց չի ներկայացվել», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում հանցագործությունների հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովը ստուգում է Արեւելյան Գուտայում եւ Իդլիբում ընթացող մարտերի ժամանակ քլորինի հնարավոր օգտագործման վերաբերյալ հաղորդումները: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հունվարի վերջին եւս մեղադրել էր Դամասկոսին քիմիական զենքի կիրառման  համար: