Միջազգային հանրությունը պետք է Եմենի հակամարտության կողմերին երկխոսության մղի, չի կարելի այս հարցում թեւաթափ լինել։ Այս մասին The Reporter եթովպիական թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Առաջվա պես ելնում ենք նրանից, որ «արաբական կոալիցիա»–ի մասնակցությամբ ձգձգված ներեմենական հակամարտությանը կարելի է վերջ դնել բացառապես երկխոսության միջոցով, Եմենի բոլոր քաղաքական ուժերի շահերի համադրմամբ»,–շեշտել է Լավրովը։
Լավրովի խոսքով, պետք է պատրաստ լինել, որ մեկ ժամում խնդիրը լուծել չի հաջողվելու, քանի որ շատ բան է կուտակվել այս տարիների ընթացքում։
Հիշեցնենք, որ 2004-2010 թթ. Եմենի կառավարական զորքերը մի քանի անգամ բախումներ են ունեցել հուսիների հետ, ապա 2010-ին կնքել են զինադադարի պայմանագիր։ Սակայն 2011-ի վերջին այսպես կոչված «Արաբական գարնան» մթնոլորտում նոր մարտեր սկսվեցին հուսիների եւ «ալ-Քաիդայի» համախոհներ համարվող սալաֆիների միջեւ:
Եմենում «քաղաքացիական» պատերազմի նոր փուլը սկսվել է 2014-ին: Հակամարտում են շիա հուսիները եւ երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը: Շիա հուսիներին օժանդակում է Իրանը, իսկ սուննիներին՝ արաբական պետությունների մեծ մասը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:




























