Ճապոնիան լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ–ին՝ պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքեր մտցնելու առնչությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ ներկայումս այցով Սինգապուրում գտնվող Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն այս հարցը հեռախոսով քննարկել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ: «Ես նրան հայտնել եմ ճապոնական կողմի խորը մտահոգությունը»,–Սեկոյի խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Նշենք, որ ճապոնիան շուրջ 2 մլն տոննա պողպատ է արտահանում ԱՄՆ, որը Ճապոնիայի կողմից արտահանվող պողպատի շուրջ 5 տոկոսն է կազմում։
Ավելի վաղ՝ շաբաթ օրը ԱՄՆ-ի այդ պլանների առնչությամբ մտահոգություն էր հայտնել ճապոնական Երկաթի եւ պողպատի ընկերությունների ֆեդերացիան: Ֆեդերացիայի ղեկավար Կոսեյ Սինդոն հատուկ հայտարարության մեջ ընդգծել էր, որ Վաշինգթոնի նման ծրագրերը «խախտում են ազատ առեւտրի սկզբունքները» եւ հույս հայտնել, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդյունքում կընդունի զգուշավոր եւ ճիշտ որոշում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերի սահմանման պլանի մասին:
Պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագները կտարածվեն բոլոր երկրների վրա. ԱՄՆ առեւտրի նախարար
Թրամփը մտահոգված չէ ալյումինի եւ պողպատի ներմուծման մասին իր որոշումից հետո ֆոնդային շուկայի անկմամբ
ԱՀԿ ղեկավարը անհանգստացած է Թրամփի որոշումից




























