2010 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Այդ օրն անհայտ քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն, որ ինքն ականատես է եղել, որ իրեն անծանոթ մի քանի երիտասարդներ Էջմիածին քաղաքից դեպի Չոբանքարայի զորամաս տանող ճանապարհին մի քաղաքացու ծեծելով ստիպողաբար նստեցնում են «Մերսեդես E 320» մակնիշի 07 ՏՏ 907 համարանիշի մեքենա:

Շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ հատվածում հայտնաբերել է BMW 316 մակնիշի 05 ՕՍ 109 համարանիշի մեքենան, դռները բաց, բանալիները մեքենայի վրա:

Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Էջմիածնի բաժնի աշխատակիցները պարզել են, որ դեկտեմբերի 30-ին, ժամը 12-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ճանապարհի նշված հատվածում Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 44-ամյա բնակիչ Սարգիս Խորենի Մկրտումյանի BMW-ն կանգնեցրել են «Մերսեդեսի» ուղեւորները, ովքեր նույնպես Եղեգնուտից են: «Մերսեդեսի» մեջ են եղել ոմն Գնելի որդի Հովսեփը, նրա հորեղբոր որդի Արայիկը եւ նրանց երեք ընկերները: Վերջիններս վիճաբանել են Սարգիս Մկրտումյանի եւ նրա մեքենայում գտնվող իր հորեղբոր թոռան, 26-ամյա Աբգար Քաջիկի Մկրտումյանի հետ, որի ընթացքում Հովսեփը փայտով հարվածել է Աբգարի ծնոտին, պատճառելով մարմնական վնասվածք: Սարգիս եւ Աբգար Մկրտումյանները թողել են BMW-ն ու դիմել փախուստի:

Փախուստի ժամանակ «Մերսեդեսի» ուղեւորները նրանցից մեկին բռնի նստեցրել են «Մերսեդեսը» եւ տարել: Եղեգնուտցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ Հովսեփը Եղեգնուտի բնակիչ 25-ամյա Հովսեփ Գնելի Մարգարյանն է, իսկ Արայիկը Երեւանի Ռոստովյան 48 տան բնակիչ 31-ամյա Արայիկ Պետիկի Մարգարյանը: Վերջիններս Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի եղբոր որդիներն են:

Մեր թղթակցի հետ զրույցում եղեգնուտցիները հայտնել են, թե նրանք ծեծել են Մկրտումյաններին, քանի որ գյուղապետի ընտրությունների ժամանակ նրանք աշխատել են նրա հակառակորդի համար: Ըստ գյուղացիների, սա վրեժ է: Նրանք հայտնում էին նաեւ, որ եթե ոստիկանությունը մի քիչ ուշանար, հնարավոր էր` ծեծկռտուքն ավարտվեր արյունահեղությամբ:

Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, որ դեկտեմբերի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում Եղեգնուտի բնակիչ 25-ամյա Հովհաննես Աշոտի Ներսիսյանը, վարելով «ՎԱԶ-2109» մակնիշի 07 ԼՍ 848 համարանիշի մեքենան, Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում շրջվել է ջրատարը, որի հետեւանքով նա եւ ուղեւորներ, 30-ամյա Գարիկ Սարգիսի Ներսիսյանը եւ 42-ամյա Հովհաննես Խորենի Մկրտումյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արմավիրի քաղաքային հիվանդանոց:

Եղեգնուտցիները նշում են, որ սա կապ ունի վերը նկարագրված դեպքի հետ: Սա կպարզի նախաքննությունը: Բոլոր մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի տուգանային հրապարակ, իսկ Աբգար Մկրտումյանին տրվել է դատաբժշկական ուղեգիր:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական աշխատանքներ  հայտնաբերելու եւ «Մերսեդեսը» եւ մեքենայում գտնվող մյուս երեք անձանց:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի