Սիրիայում զինադադարի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի դրույթները չեն կատարվում Միացյալ Նահանգների, այլ ոչ թե Ռուսաստանի կողմից: Վաշինգթոնը ոչինչ չի անում Արեւելյան Գուտայում իր վերահսկողության տակ գտնվող խմբավորումներին զսպելու համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` մեկնաբանելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Սանդերսը, նախքան ՌԴ-ին մեղադրելը, պետք է ծանոթանա ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2401 բանաձեւի բովանդակությանը: «Այս բանաձեւի դրույթները չեն իրականացվում ԱՄՆ, այլ ոչ թե Ռուսաստանի կողմից», - ասել է Պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ Վաշինգթոնի կողմից վերահսկվող զինված խմբերը այս տարվա սկզբից ամեն օր հարձակվել են Հարաստում (Արեւելյան Գուտա) Սիրիայի կառավարական զորքերի կայազորի վրա՝ փորձելով փոխել դեէսկալացիոն գոտու սահմանները՝ ի հեճուկս Աստանայի համաձայնագրերին:

Պաշտպանության նախարարությունում նկատել են, որ տարօրինակ ձեւով մի քանի ամիս շարունակ զինյալների զանգվածային հարձակումների վերաբերյալ Վաշինգթոնի եւ նրա եվրոպական գործընկերների կողմից ոչ մի դատապարտող հայտարարություն չի եղել:

Միեւնույն ժամանակ, նախարարությունը նշելէ, որ նույնիսկ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսը փետրվարի սկզբին հայտարարել է, որ Պենտագոնը Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի օգտագործման մասին որեւէ ապացույց չունի: «Միեւնույն ժամանակ, Վաշինգթոնը ոչինչ չի անում, որպեսզի 2401 բանաձեւի շրջանակում Արեւելյան Գուտայում վերահսկվող խմբավորումներին զսպի, որոնց հրաձգություններից Դամասկոսում ամեն օր խաղաղ բնակիչներ են մահանում», - ընդգծել են նախարարությունում: