ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է  Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երեւանում գործող Բուգատտի ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետեւ առանց որեւէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան:

Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Կատարվում է նախաքննություն: