Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ամբաստանյալ Է. Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017թ.-ի հոկտեմբերին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ եւ պատճառել մարմնական վնասվածքներ` պահանջելով խոստովանել իր կողմից չկատարած անասնագողության դեպքը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, Է. Թ.-ն հայտնել է, որ նույն ժամանակահատվածում շուրջ 5 օր իրեն ապօրինի պահել են ոստիկանության Ստեփանավանի բաժնում եւ ոստիկանության Տաշիրի բաժնի ՁՊՎ-ում:
Է. Թ.-ն հաղորդում է տվել նաեւ իր վերաբերյալ գործը քննած` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերեւույթ հանցագործություն կատարելու դեպքի վերաբերյալ: Մասնավորապես, Է. Թ.-ն հայտնել է, որ դատական նիստերի դահլիճում երբ քննիչին հարցրել է, թե ինչու է վերջինս քրեական գործի հետ կապ չունեցող մասնավոր բնույթի իր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները ներկայացրել իր կնոջը, քննիչը հայհոյել է իրեն, հարձակվել ու ցանկացել հարվածել, սակայն ոստիկանները միջամտել եւ թույլ չեն տվել:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված առերեւույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 309-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:




























