Եվրամիության գագաթաժողովը Facebook-ից պահանջել է  ամեն ինչ անել օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթաժողովի առաջին լիագումար նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բոլոր առաջնորդների համար պարզ էր, որ քաղաքացիների անձնական տվյալները պետք է լիովին պաշտպանված լինեն: Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերում», - ասել է նա:

Ավելի վաղ գագաթաժողովում Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին ասել էր, որ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին հրավիրել է անձնական տվյալների արտահոսքը բացատրելու նպատակով:

Վերջին օրերին Facebook-ը  լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել, որի համաձայն բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությունը ստացել է սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի տվյալները, որոնց հիման վրա մշակել է ընտրողների քաղաքական նախընտրությունների վերլուծության ալգորիթմը, կազմել է նրանց էջերը, որոնք հետո օգտագործվել են Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ: