Գերմանիայի Տաունուս լեռնազանգվածի անտառներում հնագետները հայտնաբերել են հռոմեական տաճարի մնացորդներ՝ նվիրված պատերազմի աստված Մարսին, գրում է All That’s Interesting կայքը։

Տաճարը եղել է հին ռազմական ամրաշինության՝ Կապերսբուրգի կողքին, իսկ գտածոների թվում են հաղթանակի աստվածուհի Վիկտորիայի բրոնզե արձանիկ, երկու նվիրաբերական քար և արձանի բեկորներ, որոնք, ենթադրաբար, պատկերել են հենց Մարսին։

Պեղումները կատարվում են 2024 թվականից՝ հռոմեական Կապերսբուրգ ամրոցի կից քաղաքացիական բնակավայրի՝ վիկուսի շրջանում, ժամանակակից Ռոսբախ-ֆոր-դեր-Հյոհե քաղաքի մերձակայքում։ Թեև հենց ամրոցն ուսումնասիրվում է դեռ XIX դարից, դրա շուրջ եղած բնակավայրի կառուցվածքը մինչ այժմ քիչ էր ուսումնասիրված։

Կապերսբուրգը մտնում էր Վերին գերմանական և Ռետիական լիմեսի ամրաշինական համակարգի մեջ, որը պաշտպանում էր Ալպերից հյուսիս տարածվող հռոմեական տարածքները։ Մոտ 150 տարի այստեղ տեղակայված է եղել օժանդակ զորքերի Numerus Nidensium ստորաբաժանումը։

Տաճարը հայտնաբերել են գրեթե անմիջապես անտառային հողի մակերեսի տակ։ Հնագետները գտել են մոտ հինգ մետր երկարությամբ ուղղանկյուն կառույց՝ հաստ պատերով։ Ներսում եղել է փոքր քառակուսի սենյակ։ Դրա չորրորդ պատը չեն հայտնաբերել, ուստի հետազոտողները ենթադրում են, որ մի կողմը կարող էր բաց մնալ կամ փակվել փայտե դարպասներով։ Շենքի արտաքին մասի հզոր հիմքը նույնպես վկայում է, որ տաճարի շուրջը, հնարավոր է, եղել է ծածկված սրահաշար։

«Մենք ուղղակի հիացած էինք»,- գերմանական Hessenschau հեռուստաալիքին պատմել է հնագետ Կատարինա Գրիսսհաբերն՝ լավ պահպանված հռոմեական պատերը մեծ հաջողություն անվանելով։

Տաճարի կողքին հնագետները հայտնաբերել են արձանի բեկորներ, որոնք, հավանաբար, պատկերել են Մարսին, երկու նվիրաբերական քար և Վիկտորիայի՝ հաղթանակի հռոմեական մարմնավորման փոքր բրոնզե արձանիկ։ Բնորոշ հատկանիշները՝ թևերը, արմավենու ճյուղը և հաղթողի պսակը ցույց են տալիս, որ այն պատկանում է հենց այս կերպարին:

Հնագետների կարծիքով՝ Կապերսբուրգի բնակիչները կարող էին գալ տաճար՝ աստվածներին զոհեր մատուցելու և նրանցից պաշտպանություն կամ խորհուրդ խնդրելու համար։

Պեղումները ցույց են տվել նաև, որ ամրոցի կից քաղաքացիական բնակավայրը զգալիորեն ավելի բարդ է եղել, քան նախկինում էր համարվում։ Այստեղ հայտնաբերվել են արհեստագործական արտադրության հետքեր, մասնավորապես՝ դարբնոց, իսկ ավելի ուշ դրա տեղում հայտնվել են բնակելի շենքեր։ Հռոմեական ճանապարհների մնացորդները հնարավորություն են տալիս վերականգնելու բնակավայրի հատակագիծը և վկայում են դրա ինքնուրույն տնտեսական կյանքի մասին։

Որոշ գտածոներ վկայում են, որ մարդիկ շարունակել են օգտագործել այս վայրը նաև այն ժամանակ, երբ III դարի կեսերին հռոմեական զինվորականները հեռացել են։ Հնագետները հայտնաբերել են խեցեղեն և ֆիբուլա, որոնք վերաբերում են ուշ անտիկ շրջանին։ Նախնական տվյալներով դրանք կապվում են ալեմանների հետ, սակայն պարզելու համար, թե ով է այստեղ ապրել հռոմեացիների հեռանալուց հետո, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։