Շիրակի պետական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը հանդիպել են ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը:
«Որեւիցե հայտարարի դեռ չենք եկել, քանի որ նախարաը եւ Ֆելիքս Ցոլակյանը հաջորդ շաբաթ նորից լինելու են Գյումրիում եւ հանդիպելու են ուսանողների հետ, մենք այդ ժաման վերջնական հայտարարություն կանենք: Կարծում եմ, որ այդ ժամանակ ընդհանուր հայտարարի կգանք»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Գագիկ Համբարյանը հավելեց, որ իրենք ներկայացրել են իրենց պահանջները եւ հայտարարել, որ բացարձակապես համաձայն չեն էթիկայի հանձնաժողովի հայտարարության հետ. «Այն մեղադրանքները, որոնք մեզ են վերագրում, աբսուրդ է: Շատ ապացույցներ եմ ներկայացրել լեւոն Մկրտչյանին, քանի որ մեր մասին ապատեղեկատվություն են տարածել»:
Գագիկ Համբարյանը նշեց, որ դեռ չեն դիմել իրավապահ մարմիններին, սակայն անհրաժեշտություն լինելու դեպքում անպայման կդիմեն:
Նշենք, որ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը առանց նախապես տեղյակ պահելու էր ազատել դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին: Վերջիններս պնդում են, որ իրենց աշխատանքից ազատելը կապված է ՇՊՀ ռեկտորի «ապօրինությունների» մասին իրենց արած հայտարարությունների հետ:
Նշենք, որ ՇՊՀ ուսանողները դասադուլ են հայտարարել` պահանջելով հետ բերել աշխատանքից ազատված դասախոսներին:




























