Եթե ինստիտուտները թույլ են, ապա միայն «կանաչ» տեխնոլոգիաները չեն կարող տնտեսության կայուն զարգացում երաշխավորել։ Հոկտեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանում ընթացող «Տնտեսության տրանսֆորմացիա․ «կանաչ» տրանսֆորմացիա, ինստիտուցիոնալ որակ և արժեքի ստեղծում» համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները բարօրություն չեն բերի առանց նորարարությունների, ներդրումների, ձեռներեցության և մարդկային կապիտալի, իսկ տնտեսական աճը չի կարելի իսկապես հաջողված համարել, եթե այն ձեռք է բերվում բնապահպանական կայունության կամ ապագա սերունդների շահերի հաշվին։ «Ուստի համաժողովի երեք առանցքային գաղափարները՝ «կանաչ» անցումը, ինստիտուտների որակը և արժեքի ստեղծումը, խորապես փոխկապակցված են», — նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ համաժողովի թեման արտացոլում է շուրջբոլորը տեղի ունեցող տրանսֆորմացիոն գործընթացների բարդությունը։
«Տնտեսության տրանսֆորմացիայի գաղափարը՝ տեխնոլոգիական, սոցիալական, ինստիտուցիոնալ և բնապահպանական փոփոխությունների փոխգործակցության տիրույթում, այսօր առավել քան արդիական է թվում», — եզրափակել է տնտեսագետը։




























