Ցավալի է, որ «Սասնա ծռերի» քաղաքական գործը փոխանցվել է դատավոր Արշակ Վարդանյանին: NEWS.am-ի հետ զրույցում Սասնա ծռեր» խմբի  11 անդամների առանձնացված մասով գործով Արշակ Վադանյանին դատավոր նշանակելու մասին նման գնահատական տվեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Ցավալի է, որ Արշակ Վարդանյանի, Մեսրոպ Մակյանի նման դատավորներ են քննելու «Սասնա ծռերի» գործը, քանի որ նրանք հասարակությանը հայտնի էին որպես արդար որոշումներ կայացնողներ: Ցավոք նմանատիպ քաղաքական  գործերը նրանց են փոխանցել: Իմ կարծիքով` նմանատիպ գործերը ավելի լավ կանեին Մնացական Մարտիրոսյանը, կամ Տաթեւիկ Գրիգորյանը: Նրանք քաղաքական որոշումները ավելի լավ են իրականացնում, քան այս դատավորները»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնի է Շանթ Հարությունյանի եւ ընկերների աղմկահարույց դատավարությամբ, իսկ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը օրեր առաջ կայացրեց Ժիրայի Սեֆիլյանի եւ մյոսների գործով հայտնի դատավճիռը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սասնա ծռեր» խմբի  11 անդամների առանձնացված մասով գործով, որը քննվում էր Արթուր Օհանյանի նախագահությամբ, այժմ քննելու է Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանը:

Նշենք, որ Արթուր Օհանյանը քննում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը։

Մարտի 14-ին, սակայն, Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են՝ պայմանավորված առողջական խնդիրներով: