Առեւտրային մաքսատուրքերը, որոնք Վաշինգթոնը ծրագրում է սահմանել Չինաստանից ներմուծվող արտադրանքի վրա, ամերիկյան տնտեսությանը վնաս չի պատճառի, իսկ երկարաժամկետ հեռանկարում դրական արդյունք կունենա: Կիրակի Fox News-ի եթերում այսպիսի տեսակետ է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա հավաստիացրել է, որ ամերիկյան վարչակազմն այս ոլորտում կարգավորումն իրականացնում է «մեծ զգուշավորությամբ»: «Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում տնտեսության համար ամեն ինչ շատ լավ կլինի»,- հավելել է Մնուչինը: Նրա խոսքով՝ Վաշինգթոնը հասնում է «ազատ եւ արդարացի առեւտրի»:
Խոսելով ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի հեռանկարի մասին՝ ԱՄՆ ֆինանսների նախարարը նշել է. «Կարծում եմ՝ մենք շատ հստակ հասկացրել ենք, թե ինչ ենք ուզում, եւ նրանք դա հասկանում են: Ինչպես ասել է նախագահ Թրամփը, մենք առեւտրային պատերազմից չենք վախենում, սակայն այն մեզ համար նպատակ չէ»: Նրա խոսքով՝ չինական կողմի հետ այս հարցով խորհրդատվություններն անչափ արդյունավետ էին:
«Ինչպես հայտարարել է նախագահը, մենք ցանկանում ենք առեւտրային դեֆիցիտը տարվա ընթացքում 100 մլրդ դոլարով նվազեցնել»,- հիշեցրել է Մնուչինը:




























