Այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության անդամները եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները  մարտի 26-ին կայացած համատեղ նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած հրդեհի զոհերի հիշատակը, փոխանցում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:

«Ես ներկաներին առաջարկում եմ մինչ նիստը սկսելը հարգել Կեմերովոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը»,- հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Աշոտյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլազսկիին իր եւ իր գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի համար:

Վոդոլազսկին իր հերթին շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջը եւ նշեց, որ հայ եւ ռուս ժողովուրդները միշտ զգայուն կերպով են վերաբերվել երկու երկրների միջեւ տեղի ունեցողին: Բացի այդ, նա ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն եւ հայտարարեց, որ երկու երկրների համագործակցությունը զարգանում է մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ անվտանգության եւ պաշտպանության, որոնք չափազանց կարեւոր նշանակություն ունեն ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողի համար:

«Ժողովուրդների համար, որոնք հաճախ օտարերկրյա արշավանքների առարկա են դարձել, ռազմական անվտանգության ապահովումը չափազանց կարեւոր է: Բացի այդ, հարկ է նշել, որ անցյալ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը  մեր երկրների միջեւ աճել է 30 տոկոսով»,- նշեց Վիկտոր Վոդոլազսկին` հավելելով, որ նույն 30 տոկոսով ավելացել է նաեւ անցյալ տարի Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը:

Նա կոչ արեց իր հայրենակիցներին հնարավորինս հաճախ այցելել Ռուսաստանի բարեկամ անդրկովկասյան հանրապետություն եւ նշեց, որ այսօր նախատեսում է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ մի շարք հարցեր քննարկել նրա հետ: