Սիրիական Աֆրինի շուրջ քաղաքական առեւտուր է ընթանում: Մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, այնքան էլ համաձայն չլինելով Թուրքիայի գործողություններին, չի ցանկանում առճակատման գնալ: «Չնայած Թուրքիան հայտարարում է հաղթանակի մասին, իրականությունն այնպիսին է, որ քրդերը որոշել են նահանջել, որպեսզի պարտիզանական շարժում սկսեն»,- նշեց Մանոյանը: Քաղաքական գործչի կարծիքով՝ ԱՄՆ եւ Թուրքիայի ռազմական ուժերը կոնֆլիկտի սահմանագծին էին, եւ եթե նրանք բախվեին, միանգամայն այլ իրավիճակ կլիներ:

«ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը Աֆրինում Թուրքիայի առաջ «կարմիր գիծ» են անցկացրել: Սիրիան կողմնակի ներկայությունից ազատելու հարցում ամենից դժվար կլինի Թուրքիայի հետ համաձայնության գալ. Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն իմաստ չեն տեսնում մշտական ռազմական ներկայության մեջ, իսկ Թուրքիան այս երկրի նկատմամբ մշտապես տարածքային պահանջներ է ունեցել եւ կունենա»,- նշեց Մանոյանը:

Այսուհանդերձ, շարունակեց նա, Սիրիայի նկատմամբ տարբեր տերությունների շահերն այնքան հակասական են, որ հակամարտության վերջը չի երեւում: