Նման բան մեկ էլ Միացյալ Նահանգներում է եղել, երբ ԱՄՆ Սենատը թույլ տվեց նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին 3–րդ անգամ առաջադրվել նախագահի ընտրություններում։ ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու անհրաժեշտությունը։
Պատգամավորի մեկնաբանմամբ Հայաստանում ոչ պակաս ծայրահեղ դրություն է Արցախի ու Հայաստանի անվտանգության առումով եւ այս իրավիճակը պահանջում է բացառություններ։
Ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնում չառաջադրվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտնի խոստումը, ըստ պատգամավորի, չի դիմանում իրավիճակի լրջությանը. հանգիստ կարելի է այն վերանայել ու առաջադրվել։
«Ես հիմա պատգամավոր չեմ եւ օբյեկտիվ կարծիք կարող եմ ասել։ Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական դաշտը երբ նայում եմ, անգամ եթե քաղաքական գործիչ չլինեմ, նայում ու գտնում եմ, որ այս ներկա էտապում Սերժ Սարգսյանի մնալն անհրաժեշտ է։ Ես ձեզ հետ խոսում եմ որպես ՀՀ եւ Արցախի քաղաքացի, ոչ թե ՀՀԿ–ական։ Այնպես որ, այո, հարյուր հազարի մեջ լինում են մարդիկ, որոնք ունենում են լիդերի բոլոր հատկանիշները, բայց ես ասեցի՝ Սերժ Սարգսյանի առաջադրվելու ամենագլխավոր պատճառը Արցախի եւ Հայաստանի անվտանգության հարցն է: Ես անկեղծորեն հավատացած եմ իմ ասածին, եթե տեսնեի, որ կա մի ուրիշ քաղաքական գործիչ, որն այս էտապում անհրաժեշտ է, կասեի»,- ասաց Համլետ Հարությունյանը:
Նրա խոսքով, լիդերները շուտ–շուտ չեն ծնվում հատկապես մեր տիպի երկրներում։
«Մեր տիպի երկրներում լիդերները 5–10 տարում չեն առաջանում։ Դրա կարեւոր հանգամանքներից են նաեւ մարդու մի քիչ էլ աստվածատուր հատկանիշները, որոնք ոչ բոլորի մոտ կան։ Սա որպես պատմաբան են ասում։ Մեր տիպի երկրներում կայացած լիդերներ շատ չեն լինում»,–մանրամասնեց ՀՀԿ–ականը՝ շեշտելով, որ իր կուսակիցների գործածած «անփոխարինելի» տերմինը շատ անհաջող է։
«Անփոխարինելի տերմինը շատ անհաջող տերմին է էս դեպքում։ Եթե փորձում են լիդերին պաշտպանել, էդպիսի տերմինալոգիա չեն օգտագործում։ Նրանք կարող են ասել՝ այս էտապում Արցախի եւ Հայաստանի անվտանգության խնդիր կա, եւ ամենահարմար թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Իմ գործընկերներին կխնդրեմ՝ չասեն այդ տերմինը»,–հորդորեց Համլետ Հարությունյանը։
Անդրադառնալով ընդդիմախոսների այն մեկնաբանություններին, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգվելը լուրջ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գոյությանը, ինչը վկայում է հենց նրա պաշտոնավարման վերջին տասը տարիները, երբ ավելի քան 400 հազար քաղաքացի անվերադարձ լքել է երկիրը, աղքատությունը աճել է, տնտեսությունը անկում ապրել, ՀՀԿ–ականն արձագաքնեց. «Ձեր նշած պրոբլեմները, որ մեր երկրում կան, ինձ էլ են հուզում։ Հատկապես Արցախից արտագաղթը, դա ամենացավոտ հարցն է։ Ես այստեղ արդեն կոչ կանեի՝ ուղղակի նոր իշխանությունը նոր Սահմանադրությունը պետք է օլիգարխիայի դեմ հզոր պայքար իրականացնի։ Սոցիալական հարցերը պետք է հնարավորին չափ լուծվի»։
Պատգամավորը որպես օրինակ հիշատակեց Արցախի Չափար գյուղը, որտեղ մարդիկ աշխատանք ունեն ու գյուղից էլ մեկ հոգի չի արտագաղթել։
Նշենք, որ ապրիլի 9-ին լրանում է ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի լիազորությունների երկրորդ ժամկետը: Իսկ արդեն ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: Ամենայն հավանականությամբ վարչապետի ՀՀԿ-ի թեկնածուն կլինի հենց Սերժ Սարգսյանը, ինչի դեմ պայքար սկսելու մասին հայտարարել են մի շարք ընդդիմադիր ուժեր, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:




























