Հայաստանի դպրոցներում շատ կարեւոր ծրագիր է իրականացվում, խոսքը «Արմատ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի մասին է, որը ոչ միայն միջավայր է ստեղծում, այլեւ սեր է առաջացնում ՏՏ ոլորտի հանդեպ, միջավայր է փոխում նաեւ «Թումո» կենտրոնը: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, լրագրրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը:

Նրա խոսքով, այս ոլորտում արդեն համագործակցություն են սկսել Արցախի էկոնոմիկայի նախարարության հետ. «Արդեն ներկայացրել ենք կրթական ծրագրի առաջարկ, որը հիմնված է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի մոդելի վրա: Բացի այդ, մայիսին նախատեսվում ենք համաժողով անցկացնել Արցախում, թե ինչպես Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները ուղղել դեպի Արցախ»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ ՏՏ ոլորտը դեպի մարզեր ապակենտրոնացնելուն ուղղված քայլեր են արվում. Մասնավորապես, առաջարկներ են ուղարկել Գեղարքունիքի, Արարատի մարզեր, որոնք քննարկման փուլում են: