«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները «Մեդիա կենտրոնում» քննարկել են Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի հետագա քայլերն ու նպատակները։
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն իր ղեկավարման 10 տարիներին միայն ձախողել է եւ արձանագրել աղետալի ցուցանիշներ բոլոր բնագավառներում։ Ըստ բանախոսի, Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանից անվերադարձ արտագաղթել է ավելի քան 400 հազար քաղաքացի, արտաքին պարտքը հասել է վտանգավոր սահմանի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում դարձյալ առաջընթաց չի արձանագրվել։
«Խնդիրն այն է, որ մի մարդ 10 տարի ղեկավարել է ու ունի կոնկրետ ցուցաբերած արդյունքներ, մենք ասում ենք, որ էդ տեսակ մարդը չի կարող շարունակել ղեկավարումը։ Բոլոր ոլորտներում ձախողում է, հետեւաբար ցանկացած առողջ հասարակություն չի կարող հանդուրժել, որ միայն ձախողումներ արձանագրած մարդը շարունակի ղեկավարել երկիրը։ Թե դրանից հետո ինչ կլինի, կախված է հասարակական պրոցեսներից»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն էլ շեշտեց, որ շաբաթ օրվա իրենց հավաքով ավելի շատ փորձեցին շոշափել մարդկանց տրամադրվածությունը, քայլերի հաջորդականությունը։
«Իշխանություններն ամեն ինչ կարող են ասել, որ Սերժ Սարգսյանը հավակնում է անգամ Հռոմի պապի աթոռին։ Այդ մարդիկ չեն պատկերացնում՝ իրականում լիդերը ով է, նրանք Սերժ Սարգսյանի միջոցով ուղղակի կարողանում են օգտվել ինչ–որ բաներից։ Մեր նպատակի իրագործումը կախված է մեր ջանքերից, եթե կարողանանք ժողովրդին էնպիսի առաջարկ անենք, որ Սերժ Սարգսյանից հոգնած ժողովուրդը դուրս կգա փողոց, շատ լավ, եթե չենք կարողանում, ուրեմն մեղադրելու բան չկա։ Մենք այլ ամբիցիաներ չունենք, ունենք Սերժ սարգսյանի վերարտադրությունը կանխելու նպատակ։ Այս պահի դրությամբ օրակարգը հստակ է»,–ասել է Դավիթ Սանասարյանը։ Վերջինս ընդգծել է, որ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ ՀՀԿ–ն չկարողանա վարչապետ նշանակել։
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ շեշտել է, որ Հանրապետական կուսակցությունում չկա ներքին ժողովրդավարություն, ակնհայտ է, որ մեկ մարդու վրա է հիմնված կուսակցությունը։ «Կուսակցության հայտարարություններից պարզ հասկացվում է, որ ներքին ժողովրդավարություն չկա եւ մեկ անձի վրա է հիմնված այն, միաձայն կերպով են քվեարկում: Սա հիմք է տալիս կարծելու, որ այդ մեկ անձի փոփոխությունը կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել եւ սկիզբ լինել մնացած փոփոխությունների եւ գործողությունների»։




























