Եթե դուք ինչ-որ թեստ եք լրացրել ֆեյսբուքում ու անգամ մոռացել դրա մասին, միեւնույն է, այդ հավելվածը փաստացի նստած է ձեր էջում եւ ֆեյսբուքը կարող է պարբերաբար շարունակել տվյալները տանել ձեզնից: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, ֆեյսբուքը թույլ է տվել մարդկանցից վերցնել նրանց տվյալները, հիմնականում թեստերի միջոցով: «Ֆեյսբուքն առաջ այդպիսի լայն հնարավորություններ էր տալիս, հետո դա սահմանափակվեց: 2015-2016 թվականներին այդ հնարավորությունները նվազեցվեցին, իսկ Cambridge Analytica-ի հետ կապված վերջին սկանդալից հետո ֆեյսբուքը գնաց նրան, որ 6 ամսից ավելի գոյություն ունեցող բոլոր հավելվածներն արգելափակվեցին: Փաստացի այս պահին հավելվածներին թույլ է տրվում ստանալ միայն մարդու պրոֆիլային տվյալները գումարած էլեկտրոնային փոստը, ինչը եւս լավ չի, որովհետեւ դա հաքերային հարձակման վեկտոր է, կարող են էլփոստի նամակագրության միջոցով փորձեն պրոֆիլի վրա հարձակումներ իրականացնել»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:
Նրա ներկայացմամբ, բոլոր սոցցանցերն են մեզնից այդ տվյալները «քերում տանում» են, այլ հարց է, թե դա ինչպես են օգտագործում:
«Ֆեյսբուքը մի քանի տարի առաջ բոլոր օգտատերերի հետ պայմանագիրը թարմացրեց, որն իր մեջ պարունակում էր հստակ տեղեկություն, որ ֆեյսբուքը մեր տվյալները վաճառելու է երրորդ կողմին: Այդ տվյալները լինելու են շատ մանրամասն, բայց մաքրած մեր անհատականությունից: Մոտավորապես այսպես, որ օրինակ Երեւանում կա բժիշկ, 30-35 տարեկան, հետաքրքրվում է կինոներով, սիրում է պոնչիկներ ու թեյ եւ չի սիրում սուրճ: Սա թույլ չի տալիս որոշել, թե ով է այդ անձը, բայց բավականին նեղ մարկետինգային սեգմենտավորում է: Այդ տվյալներն ունենալով հնարավոր է գովազդային կամ քաղաքական քարոզչություն ծավալել:
Հատկանշական է, որ ֆեյսբուքը մարդկանց տվյալները հավաքագրում է ոչ միայն գրանցված օգտատերերից. «Եթե դուք ֆեյսբուքում չկաք, բայց այցելում եք կայքեր, որտեղ կա ֆեյսբուքի like-ի ու share-ի կոճակներ, ֆեյսբուքը ձեզ իդենտիֆիկացնում է, ստեղծում է այսպես կոչված ստվերային պրոֆիլ եւ նույն ձեւով սկսում է հետեւել, թե ով է այդ անձը, ինչով է հետաքրքրվում եւ այլն: Այսինքն բավարար չէ, որ դուք ջնջվեք ֆեյսբուքից, միեւնույն է ձեր մասին տվյալները շարունակելու են հավաքագրել: Նույնը անում է Google-ը»:
Ինչ վերաբերում է Cambridge Analytica-ի շուրջ ստեղծված սկանդալին, Սամվել Մարրտիրոսյանը նշեց, որ այստեղ խնդիրն այն է, որ Cambridge Analytica-ն ինքնուրույն է այդ տվյալները հավաքել, ոչ թե վերցրել է ֆեյսբուքից, հետեւաբար այդ թեման փակված չէ:
«Cambridge Analytica-ի շուրջ սկանդալը հակառակ ազդեցություն է ունենալու, քանի որ բոլորն իմացան, որ կարելի է տվյալներ հավաքելով բավական հետաքրքիր բաներ անել, այնպես որ սա գովազդ եղավ նման հետաքրքրություններ ունեցողների համար»:




























