Facebook սոցիալական ցանցը մի քանի տարի օգտատերերի հեռախոսներից հավաքել է կոնտակտների ցուցակը, ինչպես նաեւ պահպանել է զանգերի պատմությունը եւ ուղարկված ու ստացված SMS-ների մասին տեղեկատվությունը: Այս ամենը պատահական է պարզվել. օգտատերերից մեկը սոցցանցից բեռնել է իր տվյալների մասին արխիվը եւ այնտեղ հայտանբերել է իր զանգերի մասին տեղեկատվություն: Սոցցանցում ասում են, որ օգտատերն ինքն է համաձայնել տեղեկատվությունը տրամադրել, հաղորդում է Meduza-ն:

Նորզելանդացի ծրագրավորող Դիլան Մաքքեյը պատմել է, որ Facebook-ից ներբեռնել է իր տվյալների մասին արխիվը: «Դա կարող է յուրաքանչյուրն անել. հարկավոր է մտնել էջի կարգավորումներ բաժինը, սեղմել «բեռնել Facebook-ում ձեր տվյալների մասին արխիվը եւ սպասել արխիվով նամակին»:

Իրենց զանգերի եւ հաղորդագրությունների մասին տեղեկատվություն հայտնաբերել են նաեւ ArsTechnica-ի լրագրողը եւ մի քանի ընթերցողներ: Նրանք պարզել են, որ տվյալները հավաքվում են այն դեպքում, երբ Android օպերացոիոն համակարգով հեռախոսի վրա տեղադրված է Facebook-ին պատկանող Messenger-ը:

Առաջին գործարկման ժամանակ այն առաջարկում է սինխրոնացնել կոնկտակտները, ինչպես նաեւ միացնել SMS ստանալու եւ ուղարկելու գործառույթը:

Դրանից հետո Facebook-ի բազայում պահպանվել են բոլոր կոնտակտները, որոնք երբեւէ եղել են օգտատիրոջ հեռախոում՝ անգամ այն մարդկանց, ովքեր գրանցված չեն սոցցանցում եւ գրառումներ, որոնք օգտատերն արդեն հեռացրել է:

Մարտի 25-ին Facebook-ը հրապարակել էր լրատվամիջոցների հոդվածների «փաստերի ստուգումը»՝ օգտատերերի տվյալների գաղտնի հավաքման մասին: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ զանգերը, կոնտակտները եւ SMS-ները հավաքվել են բացառապես օգտատիրոջ համաձայնությամբ: