Հետազոտությունների ընթացքում ընդերքի օգտագործման իրավունքով հանձնված հողամասերի կոորդինատների անճշտություններ են հայտնաբերվել: Այս մասին կառավարության մարտի 29-ի նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ սա խոչընդոտում է ճյուղային ընկերությունների նորմալ գործունեությանը, սեփականության իրավունքի իրականացմանը, ինչպես նաեւ ընդերքի օգտագործման ոլորտում պետական վերահսկողությանը:
Սրա հետ կապված՝ Կարապետյանը էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում որոշման նախագիծ մշակել ու ներկայացնել՝ ընդերքի օգտագործման իրավունքով հանձնված հողամասերի կոորդինատների հստակեցման միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողովի ստեղծման մասին:
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին ու բնության եւ ընդերքի պահպանության տեսչական մարմնի պետին նաեւ հանձնարարեց միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողովի ստեղծումից հետո եռամսյա ժամկետում հայտնաբերել ընդերքի օգտագործման, հատկապես մետաղի հանքաքարի արդյունահանման տարածքների կոորդինատների թերությունները, եւ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար, ըստ որում՝ կատարած աշխատանքի մասին պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել:



























