Եվրամիության երկրները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը մարդկային զոհերի հանգեցնող լայնամասշտաբ հիբրիդային հարձակում կիրականացնի, ուստի գաղտնի կերպով համատեղ պատասխան են նախապատրաստում այդ գործողություններին։ Այս մասին Politico պարբերականին հայտնել են եվրոպացի հինգ դիվանագետներ և պաշտոնյաներ։ Նրանց խոսքով՝ վերջին շաբաթներին կառույցի 27 անդամ երկրների դեսպանները այս սցենարը քննարկել են դռնփակ հանդիպումների ժամանակ՝ «սահմանափակ ձևաչափով» (առանց հեռախոսների և օգնականների)։ Քննարկումներն ակտիվացան այն բանից հետո, երբ օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկներով անօդաչուներ հայտնաբերվեցին։

ԵՄ-ն արդեն մի քանի տարի է, ինչ մշակում է հիբրիդային սպառնալիքներին (ներառյալ կիբերհարձակումները, ընտրություններին միջամտելն ու դիվերսիաները) արձագանքելու մեխանիզմներ։ Սակայն վերջին քննարկումները կենտրոնացել են ավելի լուրջ գործողությունների ռիսկի վրա, որոնք կարող են հանգեցնել զանգվածային զոհերի, նշել են աղբյուրները։ ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկն ասել է, որ Լայպցիգի դեպքից հետո պարզ դարձավ՝ զոհերով ուղեկցվող «շատ լուրջ միջադեպը» չի կարելի բացառել։ Մեկ ուրիշն էլ նշել է, որ հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունների ծավալները՝ զոհերը վաղ թե ուշ անխուսափելի են, իսկ մինչ այժմ դրանց բացակայությունը համարել է «զուտ բախտի բան»։ Այս առումով ԵՄ-ն քննարկում է արագ արձագանքման խմբերի ստեղծման, տուժած երկրին բյուջեից միջոցների հատկացման և այն հարցերը, թե ինչպես պետք է եվրոպական կառույցների ղեկավարությունը կատարվածի մասին տեղեկացնի հանրությանը։

Եթե այնպիսի հարձակման հետևանքով, որը կդիտարկվի որպես կանխամտածված գործողություն, զոհվեն ԵՄ կամ ՆԱՏՕ-ի երկրների մի քանի քաղաքացիներ, ապա երկու կազմակերպություններից պատասխան քայլեր պահանջելու ճնշումը չափազանց մեծ կլինի, նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի դիվանագետը։

Միևնույն ժամանակ, նման հարձակմանը Եվրամիության նախապատրաստվելն ուղեկցվում է տարաձայնություններով այն հարցի շուրջ, թե ինչ դեր պետք է ունենա կառույցը անվտանգության ոլորտում։ Պաշտոնյաների խոսքով՝ որոշ երկրներ կարծում են, որ նոր մեխանիզմները պարզապես կկրկնօրինակեն ՆԱՏՕ-ի գործառույթները։ Մասնավորապես, քննարկվում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկը՝ ստեղծել Եվրոպական անվտանգության խորհուրդ և «արտակարգ արձագանքման արձանագրություն»։ Աղբյուրները նշում են, որ այս նախաձեռնությունները կարող են ներառվել Եվրոպական անվտանգության նոր ռազմավարության մեջ, որը նախատեսվում է ներկայացնել նոյեմբերի սկզբին։

Մի շարք դիվանագետներ կարծում են, որ նոր կառույցներ ստեղծելու փոխարեն ԵՄ-ն պետք է կիրառի Ճգնաժամերին քաղաքական արձագանքման արդեն գոյություն ունեցող ինտեգրված մեխանիզմը (IPCR), որը թույլ է տալիս ԵՄ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների արտահերթ նիստեր հրավիրել։

ՆԱՏՕ-ի նախկին ներկայացուցիչ Օանա Լունգեսկուի կարծիքով՝ զանգվածային զոհերով հարձակման դեպքում լիազորությունները պետք է բաժանվեն երկու կազմակերպությունների միջև. ՆԱՏՕ-ն պետք է զբաղվի հետախուզական տվյալների փոխանակմամբ և ռազմական զսպմամբ, իսկ ԵՄ-ն՝ քաղաքացիական արձագանքմամբ։