Հայաստանը սահմանում է խոշոր եղջերավոր անասունի եւ ձիազգիների ընտանիքի կենդանիների չմշակված կաշվի արտահանման պետական մաքսատուրք: «Պետական մաքսատուրքի մասին» օրենքում փոփոխություններր կատարելու մասին» օրինագիծը հավանություն ստացավ կառավարության մարտի 29-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Մասնավորապես՝ խոշոր եղջերավոր անասունի եւ ձիազգիների ընտանիքի ինչպես մազածածկույթով, այնպես էլ առանց դրա կենդանիների չմշակված կաշվի արտահանման մաքսատուրքը կկազմի 1 կգ-ի համար բազային մաքսատուրքի 0,25-ապատիկը: Ոչխարների եւ գառների մորթու արտահանման համար առաջարկվում է սահմանել 1 հատի բազային մաքսատուրքի 0,25-ապատիկը: Միջոցառումը չի տարածվի ԵՏՄ երկրներ մատակարարվող ապրանքների վրա:

«Օրինագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի թեթեւ արդյունաբերության ճյուղի եւ տեղական արտադրության հումքային բազայի եւ խթանման անհրաժեշտությամբ»,- նշեց փոխնախարարը:

Ներկայումս Հայաստանում ընկերություններ չկան, որոնք կաշեգործությամբ են զբաղվում արտադրական մասշտաբներով: Դրա փոխարեն մեծ քանակությամբ կաշվի արտադրանք է ներմուծվում այլ երկրներից, հիմնականում Թուրքիայից, որտեղ նույնպես աճի միտումներ են նկատվում, իսկ հանրապետությունից դուրս է բերվում մեծ քանակությամբ չմշակված խոշոր եղջերավոր անասուն կաշի: «Կաշվե իրերի արտադության համար  անհրաժեշտ հումքը Հայաստանից արտահանվում է, իսկ մշակումից հետո դրանից պատրաստված արտադրանքը դարձյալ Հայաստան է վերադառնում»,- դժգոհեց պաշտոնյան:

Հաշվարկների համաձայն՝ խոշոր եղջերավոր անասունի չմշակված կաշին կշռում է միջինը 15 – 20 կգ, որի 1 կգ-ը վաճառվում է 350 – 400 դրամով, իսկ 1 կգ չմշակված կաշվից ստացվում է գրեթե 0,16 – 0,18 քառ.մետր բնական կաշի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջնային հումքի արտահանման սահմանափակման դեպքում, ներքին շուկայի հումքի ծավալի 1 տոկոսով կրճատումը եւ դրա հասանելիության բարձրացումը համապատասխան քանակություն եւ որակ ապահովելու միջոցով կաշվի եւ կոշիկի արտադրությունը կմեծացնի մոտ 16,1 տոկոսով, կոշիկի արտադրության շահույթը՝ 29,7 տոկոսով, իսկ տվյալ ճյուղից պետական բյուջեի եկամուտները՝  5,9 տոկոսով: Հայաստանում հումքի առկայության պայմաններում կրկին գործարկվում են կաշեգործական ընկերությունները, որոնց վերագործարկումը կստեղծի 300 – 350 նոր աշխատատեղեր: «Այս պահին Հայաստանի կառավարությունը ակտիվորեն միջոցներ է ձեռնարկում ներմուծման փոխարինմանը նպաստելու համար, այդ թվում՝ Թուրքիայի ներմուծվող ապրանքների»,- եզրափակեց Խաչատրյանը:

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2016-ին արտահանվել է խոշոր եղջերավոր անասունի գրեթե 123,1 հատ կաշի, որոնց մաքսային արժեքը կազմել է գրեթե 538,8 հազար դոլար՝ տարեկան 23,9 տոկոս անկմամբ: Իրացման հիմնական շուկաներն են Թուրքիան, Վրաստանը եւ Ղազախստանը: Նույն տարում արտահանվել է ոչխարի եւ գառան չմշակված 15,5 հազար հատ մորթի՝ մաքսային ընդհանուր 54,8 հազար դոլար արժեքով, տարեկան 45,04 տոկոս անկմամբ: Իրացման հիմնական շուկաներն են Ռուսաստանը եւ Իտալիան:

Ազգային վիճակագրական վարչության ծառայության տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանում գործել են կաշվի 32 ընկերություններ: 2016-ին երկրում արտադրվել է 318,1 մլն դրամի կաշվի արտադրանք, ինչը 7,8 անգամ ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, իսկ վաճառվել է 391,7 մլն դրամի՝ 6,5 անգամ տարեկան աճով:

2016 թվականին Հայաստան է ներմուծվել գրեթե 1,7 մլն զույգ կոշիկ, որից 237 հազար զույգը պատրաստված է բնական կաշվից: Երկրում կոշիկի արտադրությունը կազմել է 1,01 մլն դրամ, իսկ կոշիկի արտահանումը՝ 211 մլն դրամ:

Հիշեցնենք, որ խոշոր եղջերավոր անասունի չմշակված կաշին Թուրքիա է մատակարարվում տառացիորեն չնչին գնով, բայց արդեն մշակված վիճակում Հայաստան է վերադարձվում միանգամայն այլ գներով: