Անհատ տաքսու վարորդներն այսօր՝ մարտի 29-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ ի նշան կառավարության գործունեության: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարությունը վերջին տարիներին «բիզնեսցեղասպանություն» է իրականացնում:
«Վերջին երեք վարչապետները պլանավորված բիզնեսցեղասպանություն են իրականացնում տաքսու ոլորտում: Այնպես են անում, որ աղքատ ժողովուրդն ավելի աղքատանա, ի նշան այս քաղաքականության, այսօր բողոքի ակցիա ենք անում: Երկու տարի ա Կարեն Կարապետյանին խնդրում ենք մեզ հետ հանդիպել, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվում»,-ասաց նա:
Տաքսու անհատ վարորդներից Վահե Պետրոսյանն էլ նշեց. «Առանց լիցենզիայի գործում են մի շարք տաքսի ծառայություններ, թող մեր համար էլ հավասար պայմաններ ստեղծեն: Պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում, թող մեզ հետ բանակցություններ իրականացնեն ստեղծված խնդրի շուրջ: Առաջարկներ ունենք, ուզում ենք, որ ինչ-որ օրենք մշակվի, բայց մեր համար անհասկանալի կերպով ամեն ինչ մերժվում է: Անհասկանալի է ինձ համար, թե ինչու են այդպես անում, թե իրենց ուղեղի չափն է էդքան, կամ հարստության մեջ են, կոնտեքստից կտրված են, չեն պատկերացնում իրականությունը»:
Նշենք, որ ավտովարորդներն այս պահին հանդիպում են Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ:



























