Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատաքննությունն այսօր` մարտի 29-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց: Գործն անցավ դատական վիճաբանությունների փուլ: Հաջորդ դատական նիստին ճառով հանդես կգա մեղադրող կարեն Բիշարյանը:
Այսօրվա դատական նիստին Իշխան Բարսեղյանը նախագահող դատավոր Վաչե Մարգարյանին եւս մեկ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորի կանխակալ վերաբերմունքի հիմքով: Դատավոր Վաչե Մարգարյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժեց ներկայացված միջնորդությունը` այն համարելով ամբաստանյալի սուբյեկտիվ կարծիքը:
Իշխան Բարսեղյան ու նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտարարեցին, որ էլի միջնորդություններ ունեն ներկայացնելու, սակայն անիմաստ են համարում դրանք ներկայացնել, քանի որ դրանք մերժվում են դատավորի կողմից:
Նշենք, որ մեղադրող Կարեն Բիշարյանը դատարանից 20 օր ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատշաճ պատրաստվելու համար:
Նշենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:




























