ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատների կողմից աջակցություն չստանալուց հետո կիրակի իր թվիթերյան էջում հանրապետականներին կոչ է արել կոշտ օրենքներ ընդունել անօրինական միգրացիայի դեմ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, այսօր սահմանապահ ծառայությունների աշխատակիցները հնարավորություն չունեն պատշաճ կերպով իրենց աշխատանքն իրականացնել ծիծաղելի լիբերալ օրենքների պատճառով, որոնք ընդունել են դեմոկրատները եւ որոնք թույլ են տալիս ազատ արձակել իրավախախտներին․ «Իրավիճակն ավելի վտանգավոր է դառնում։ «Քարավաններն» են գալիս։ Հանրապետականները պետք է կիրառեն միջուկային տարբերակը, որ ընդունեն կոշտ օրենքներ»,-գրել է Թրամփը։

«Միջուկային տարբերակի» ներքո նկատի ունի այն գործընթացը, որով թույլ է տրվում ԱՄՆ Կոնգրեսի Սենատում մեծամասնություն կազմող կուսակցությանը շրջանցել այն կանոնը, որի համաձայն օրինագիծը պետք է ստանա 100-ից 60 սենատորների աջակցությունը։ Ներկայումս հանրապետականները Սենատում ունեն 51 ձայն, որը թույլ է տալիս դեմոկրատներին արգելափակել նրանց նախաձեռնությունները։