Թուրքիան փորձում է որպես քաղաքական լծակ օգտագործել երկու հույն զինվորների, որոնց առանց դատավարության ավելի քան մեկ ամիս պահում է: Այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Դմիտրի Ցանակոպուլոսը, հաղորդում է Reuters-ը:
Թուրքական տարածքում երկու հույն զինվորները հայտնվել էին վատ եղանակի պատճառով մոլորվելու հետեւանքով: Սակայն Անկարան մեղադրեց նրանց լրտեսության համար եւ կալանավորեց: «Թուրքիան, եւ դա մեզ անհանգստացնում էր հենց սկզբից, ցանկանում է օգտագործել այս միջադեպը քաղաքական նպատակներով», - ասել է Ցանակոպուլոսը: Նա հիշեցրել է, որ զինվորների կալանավորումից մեկ ամիս է անցել, եւ պաշտոնապես ոչ մի մեղադրանք չի ներկայացվել: «Անկարան չափն անցնում է», - ասել է Ցանակոպուլոսը:
Նշենք, որ Հունաստանը հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել 8 թուրք զինվորներին, որոնք 2016-ի հեղաշրջման փորձից հետո փախել էին:
«Հունաստանում գերակշռում է օրենքի գերակայությունը: Վարչապետը հարգում է եւ գիտի հունական դատական պրակտիկան, ի տարբերություն սուլթանի, որը կարող է դատական որոշումներով խոստումներ տալ», - ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը:




























