Համաշխարհային բանկի խումբը եւ Սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնությունը (ՍԲՀՆ) (Sexual Violence Research Initiative) (SVRI) այսօր՝ ապրիլի 3-ին, 99 500 ԱՄՆ դոլար են շնորհել հայկական տեխնոլոգիական բիզնես հիմնադրամին՝ սեռով պայմանավորված բռնությունների (ՍՊԲ) (gender-based violence ) դեպքերի թիվը կրճատելու հարցում օգնելու նպատակով:
Մրցանակը, որը 2018 թ. Նորարարության զարգացման շուկայական հարթակի մաս է սեռով պայմանավորված բռնության հաղթահարման համար, կօժանդակի Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին (ՁԻՀ)՝ բջջային հեռախոսների հավելվածների եւ թվային տեխնոլոգիաների գործարկման հարցում, որոնք կտան կանանց իրական ժամանակում փորձագիտական օժանդակությամբ եւ տեղեկություններով ապահովելու հնարավորություն եւ որոնք կարեւոր տվյալներ են հավաքում ավելի լայն մասշտաբով քաղաքականության բնութագրման համար:
Մրցանակը ՁԻՀ-ին կտա ՍՊԲ ոլորտի եւ ՏՀՏ մասնագետների շրջանում շահագրգիռ կողմերի միջեւ երկխոսության խթանման հնարավորություն:
«Մեծագույն ուրախությամբ շնորհավորում եմ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին»՝ մեր երկարամյա գործընկերոջը, այս բացառիկ մրցանակի առթիվ»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Սեռով պայմանավորված բռնությունը գլոբալ խնդիր է: Ներկայումս աշխարհում հիմնական մարտահրավերներից է հանդիսանում, թե ինչպես տեխնոլոգիաների` մասնավորապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման միջոցով այդ խնդիրը նվազեցնել: Հաշվի առնելով Հայաստանում արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ՁԻՀ-ին դրամաշնորհ է շնորհվել գլոբալ լուծում առաջարկելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով՝ ամբողջ աշխարհի կանանց 35 տոկոսը կյանքի ընթացքում ֆիզիկական եւ սեռական բռնության է ենթարկվել սեռական զուգընկերոջ կամ զուգընկեր չհանդիսացող անձանց կողմից:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռով պայմանավորված բռնությունը տնտեսությունների համար կարող է արժենալ ՀՆԱ-ի մինչեւ 3.7 տոկոսը՝ արտադրողականության կորստի պատճառով, ի լրումն կանանց եւ տղամարդկանց հասցվող ուղղակի վնասի», - ասաց Համաշխարհային բանկի խմբի գենդերային հարցերով գլխավոր տնօրեն Քերըն Գրոունը:
«Համաշխարհային բանկի խումբը հպարտ է օժանդակելու Զարգացման շուկայական հարթակի հաղթողներին, որոնց ծրագրերը հետամուտ են կայուն եւ մասշտաբային մոտեցումներ գտնելուն՝ ուղղված այսօր մեզ համար եւ ապագա սերունդների համար ՍՊԲ-ի կանխմանը»:
2015 թ. Համաշխարհային բանկի խմբի երկարամյա աշխատակցի դստեր՝ Հաննահ Գրահամի հիշատակին մեկնարկած Զարգացման շուկայական հարթակը հետազոտողների համար նախատեսված մրցույթ է՝ ուղղված նորարարական լուծումներ գտնելուն, որոնք կարող են օգնել անհատներին, համայնքներին եւ պետություններին ՍՊԲ արմատախիլ անելու հարցում:
Այս տարվա հաղթողները, որոնք ընտրվել են աշխարհի հետազոտական ինստիտուտների, ՀԿ-ների եւ օգնության ու այլ կազմակերպությունների ներկայացրած ավելի քան 250 առաջարկներից, Հայաստանից, Կամբոջիայից, Կոլումբիայից, Հոնդուրասից, Հորդանանից, Քենիայից, Նեպալից, Պապուա Նոր Գվինեայից, Պերույից, Ռուանդայից եւ Հարավային Աֆրիկայից են: Հաղթող թիմերից յուրաքանչյուրն ստացավ մինչեւ 100 000 ԱՄՆ դոլար եւ ընտրվեց ընդհանուր արժանիքի, հետազոտության կամ ծրագրի նախագծի եւ մեթոդների, կարեւորության, թիմի փորձառության եւ էթիկական նկատառումներից ելնելով:
ՍԲՀՆ դրամաշնորհի՝ 2014 թ. մեկնարկած նորարարության համաշխարհային մրցանակի շրջանակում, նախկինում ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար է շնորհվել յոթ երկրի ինը ծրագրի: 5500-ից ավելի անդամներով՝ ՍԲՀՆ-ն համաշխարհային խոշորագույն հետազոտական ցանցերից մեկն է, որի ուշադրության կենտրոնում կանանց դեմ բռնությունն է: ՍԲՀՆ-ն հետազոտություններին աջակցում է գիտելիքների տարածման եւ փոխանակման ու համագործակցության զարգացման եւ կապերի ստեղծման միջոցով եւ բարելավում է քաղաքականությունն ու գործելակերպը՝ օժանդակելով եւ ֆինանսավորելով հետազոտությունների ու կարողությունների զարգացումը: Երկու տարին մեկ այն հյուրընկալում է միջազգային համաժողով՝ սեռական եւ մտերիմ զուգընկերոջ կողմից բռնության վերաբերյալ հետազոտությունների զարգացման եւ ընդլայնման համար:



























