Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների երիտասարդության կրթական, սոցիալական եւ քաղաքական խնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ՝ նպաստելով երիտասարդների կրթական մակարդակի ոչ բավարար լինելուն, սոցիալական դժվարություններին, աշխատաշուկայի անհամաչափությանը եւ քաղաքական հնարավորությունների անհավասարությանը, որոնք պետության բացթողումն են: Այս մասին ասված է Հ Յ Դաշնակցության երիտասարդական եւ ուսանողական միությունների համահայկական խորհրդաժողովի հայտարարության մեջ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների համահայկական խորհրդաժողովը.
- Լսելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապարփակ զեկույց,
- Քննարկելով հայրենիքի եւ սփյուռքի երիտասարդության առջեւ ծառացած ազգային, կրթական եւ ընկերային խնդիրները,
Քննարկելով ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների առջեւ ծառացած մարտահրավերները,
Անդրադառնալով միությունների կազմակերպական կարողականությունների շարունակական զարգացման ու արդիականացման խնդիրներին,
Արձանագրելով արտաքին-հարաբերական ոլորտում ՀՅԴ Երիտասարդականի ձեռք բերած հաջողությունները,
Քննարկելով միությունների կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացվող պատանեկան ճամբարների հարցերը,
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հիմնադրության 100 ամյակի առիթով ՀՅԴ Երիտասարդականի անելիքներին,
Հայտարարում է
- Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների երիտասարդության կրթական, ընկերային եւ քաղաքական խնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ՝ նպաստելով երիտասարդների կրթական մակարդակի ոչ բավարար լինելուն, սոցիալական դժվարություններին, աշխատաշուկայի անհամաչափությանը եւ քաղաքական հնարավորությունների անհավասարությանը, որոնք պետության բացթողումն են: Ուստի այս խնդիրները շարունակում են մնալ ՀՅԴ Երիտասարդականի սեւեռուն ուշադրության կենտրոնում։
-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը ՀՅԴ Երիտասարդականի արտաքին-հարաբերական աշխատանքների հիմնական քաղաքական առաջնահերթություններից է։
-Հայաստանի Հանրապետության 100 ամյակի առթիվ ՀՅԴ Երիտասարդականը պետք է կազմակերպի միջոցառումներ՝ թե տեղային, թե համահայկական մակարդակներում։
Հայրենիք-սփյուռք համագործակցության առավելագույն արդյունավորման գործում երիտասարդությունը, եւ հատկապես ՀՅԴ Երիտասարդականն ունեն իրենց ուրույն հանձնառությունը։
Անհրաժեշտ է սփյուռքի համայնքներում մեծացնել հայ երիտասարդության համայնքային, կազմակերպական եւ քաղաքական ներգրավվածության մակարդակը։
Կարեւոր է համարվում միությունների աշխատանքների պատշաճ լուսաբանումը՝ հանրային կապերի ժամանակակից գործիքակազմի լայն կիրառմամբ։
Սփյուռքի ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների կազմակերպմամբ՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում իրականացվող պատանեկան ճամբարները գնահատվում են դրական ու պետք է շարունակվեն՝ այդ եւ այլ ճանապարհներով նպաստելով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, փոխճանաչողության բարձրացմանը՝ երիտասարդական-պատանեկան հարթությունում:
ՀՅԴաշնակցության երիտասարդական եւ ուսանողական միությունների խորհրդաժողովն ավարտեց իր աշխատանքները՝ առաջիկա երկու տարվա համար նախանշելով ՀՅԴ Երիտասարդականի հիմնական կազմակերպական եւ քաղաքական անելիքները:



























