Պեկինը դուռը բաց կթողնի Վաշինգթոնի հետ առեւտային քաղաքականության հետ կապված բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի փոխնախարար Վան Շուվենը, երբ Չինաստանը հրապարակել է 50 մլդ դոլար գումարի ամերիկյան ապրանքների ցուցակը, որոնց մաքսատուրքերը կբարձրացվեն մինչեւ 25 տոկոսով, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ Պեկինը առեւտրային պատերազմ չի ցանկանում, սակայն կպատերազմի, եթե իրեն դրա մեջ ներքաշեն: Նա նշել է, որ Չինաստանը ցանկանում է այս տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով՝ «փոխադարձ հարգանքի եւ շահերի» հիման վրա: «Եթե որեւէ մեկը պատերազմ է ցանկանում, մենք կպատերազմենք: Բայց եթե նրանք բանակցություներ են ցանկանում, դուռը բաց է»,- ասել է նա:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մաքսատուրք սահմանել 50 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների համար: Նա Չինաստանին մեղադրում է ամերիկյան մտավոր սեփականության գողության եւ անազնիվ առեւտրային քաղաքականության մեջ: Պեկինը բոլոր մեղադրանքները հերքում է՝ անհիմն որակելով: Չինաստանը հայտարարել է պատասխան միջոցառումների մասին, եթե ԱՄՆ-ն մաքսատուրք սահմանի: