Ռուսաստանի Կենտրոնական բանկը քննարկումներ է անցկացնում Եվրասիական տնտեսական միությունում հաշվարկների համակարգի ստեղծման հնարավորության հարցի շուրջ՝ տեղաբաշխվող ռեեստրի տեխնոլոգիայի հիման վրա, մասնավորապես՝  «Մաստերչեյն» նախագծի հիման վրա: Այս մասին ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան հայտարարել է Ռուսական բանկերի ասոցիացիայի համագումարում ելույթ ունենալիս, փոխանցում է «ВестиФинансы»-ն: 

Նրա խոսքով՝ քննարկվում է նոր տեխնոլոգիաների ստեղծման հնարավորությունը ԵՏՄ տարածքում, որպես վերազգային ենթակառուցվածքում, տեղեկություններն ու հաշվարկները փոխանցելու համար: «Սա մեզ հնարավորություն կտա տեղաբաշխված ռեեստրների տեխնոլոգիաներն օգտագործել ԵՏՄ տարածքի մակարդակում, հաշվարկներ կատարել եւ ֆինանսական տեղեկություններ փոխանցել՝ չառնչվելով գոյություն ունեցող վճարային համակարգերին»,- նշել է նա՝ հավելելով, որ քննարկումն ընթանում է ակտիվ հունով, «մենք դիտարկում ենք մի քանի որակյալ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ «Մաստերչեյնը»»:

ԵՏՄ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: