Մարտին Լյութեր Քինգի անվան մրցանակը, որը տրվում է հանուն խաղաղության ոչ բռնի գործողությունների համար, չորեքշաբթի շնորհվել է  Ատլանտայում (Ջորջիա նահանգ): Associated Press-ը հաղորդում է, որ դափնեկիրներ են դարձել փաստաբան Բենջամին Ֆերենցը, ով զբաղվել է նացիստական ռազմական  հանցագործների որոնումներով եւ քրեական հետապնդմամբ, ինչպես նաեւ իրավաբան Բրայան Սթիվենսոնը, որը Մոնթգոմերիում (Ալաբամա նահանգ) «Աղքատների համար հավասար արդարության» հասարակական շարժման կազմակերպիչն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մրցանակը հանձնելով՝ Մարտին Լյութեր Քինգի դուստր Բերնիս Քինգը շեշտել է, որ ոչ բռնի գործողությունները Մարտին Լյութեր Քինգի քաղաքական ժառանգության կարեւոր մասն են:

Մրցանակը հիմնադրվել է 1973 թվականին Մարտին Լյութեր Քինգի կենտրոնի կողմից` սոցիալական արդարության եւ քաղաքացիական ազատությունների ամրապնդմանը նպաստող գործողությունների համար: Այն տրվում է Քինգի՝ ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների համար ամենահայտնի պայքարողներից մեկի սպանության տարելիցի օրը:

50 տարի առաջ՝ 1968 թվականի ապրիլի 4-ին, նա սպանվեց Մեմֆիսում կրկնահանցագործ Ջեյմս Էրլ Ռեյի կողմից: Մարդասպանը դատապարտվեց 99 տարվա ազատազրկման եւ 1998 թվականին բանտում մահացավ: