Համացանցը վերակառուցելու դեպքում հնարավոր է կրճատել կիբեր-հանցագործությունների թիվը: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը:

Նրա խոսքով՝ ապագայում կիբերհանցագործությունների հետ կապված իրավիճակը միայն կսրվի, ուստի նշել է, որ դրանց կատարման հնարավորությունը պետք է սահմանափակել, քանի դեռ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի հայտնվել:

Միեւնույն ժամանակ, նա խոստովանել է, որ խափանման հնարավորությունը անհնար է լիովին բացառել՝ դա համեմատելով մեքենաները գողանալու հետ:

«Բայց ժամանակի ընթացքում մենք կարող ենք, օրինակ բլոքչեյն համակարգ ստեղծել, որում ցանկացած լուրջ գործողություն օգտատերերի համաձայնությունը կպահանջի: Այսպիսի համակարգերը գրեթե անհնար կլինի կոտրել:  Հիմա դրանք անհնար են տեխնիկական սահմանափակումների պատճառով, բայց ես վստահ եմ, որ վաղ թե ուշ, դրանք կհայտնվեն: Սակայն, որպեսզի դրանք աշխատեն, հարկ կլինի վերափոխել ողջ համացանցը», — ասել է Վոզնյակը:

Վոզնյակը լուրջ խնդիր է անվանել նաեւ էլեկտրոնային սարքերի միջոցով մարդկանց հետեւելը:

«Ես անկեղծորեն ցավում եմ, որ համակարգիչների զարգացումը, որի մեջ ես ներդրում եմ ունեցել, հանգեցրել է հետեւելու այնպիսի միջոցների ստեղծմանը, որոնց մասին մարդիկ անգամ չեն կասկածում», — ասել է նա:

Վոզնյակը նաեւ նշել է, որ տեխնոլոգիաների զարգացումը բացի օգուտից նաեւ հակառակ կողմն ունի:

«Հասարակությունը պլաստիկ է դառնում. մենք ավելի ու ավելի ենք նմանվում իրար, մեր մեջ ավելի քիչ է ստեղծագործականությունը, անհատականությունը, անկախությունը: Անգամ տները, որտեղ մենք ապրում ենք, նույնն են: Եվ թվային հեղափոխությունից հետո  մենք ավելի շատ ենք կախվածություն ունենում  տեխնոլոգիաներից եւ դրանք մեզ ինչ-որ առումով նման են դարձնում», — ընդգծել է նա: