Ամերիկյան JP Morgan Chase International ներդրումային բանկի վարչության նախագահ Ջեյկոբ Ֆրենկելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային առճակատումը համաշխարհային տնտեսության համար ամենամեծ վտանգն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով CNBC-ին:

«Սա դեռ առեւտրային պատերազմ չէ, ես կասեի, որ եղել եւ մնում են որոշակի բախումներ,- ասել է նա,- Ես կարծում եմ, բոլորս պետք է հիշենք 1931-ի աղետը՝ ամերիկյան աշխատատեղերը պաշտպանելու մտադրությունը, որի արդյունքը Մեծ դեպրեսիայի համար կատալիզատոր դարձավ: Մենք պետք է ցանկացած գմնով խուսափենք դրանից»:

Բանկիրը նշել է, որ աշխարհի երկրները շատ փոխկապակցված են, որպեսզի նման գործողություններ թույլ տա իրենց:

 «Մենք չենք կարող մեզ թույլ տալ միմյանց վրա կրակել: Աշխարհը, որտեղ գործում է «ակն ընդ ական» կանոնը, դա աշխարհ է, որտեղ շատ կույր մարդիկ կան», — ասել  է նա:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր էր ստորագրել «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին»: Փաստաթուղթը թույլ է տալիս ԱՄՆ-ին միակողմանիորեն սահմանափակումներ մտցնել Չինաստանից ներկրումների դեմ:

Պեկինում բազմիցս շեշտել են, որ չեն ուզում առեւտրային պատերազմ, բայց չեն վախենում եւ հնարավորություն ունեն պաշտպանելու իրենց ազգային շահերը:

Ապրիլի 1-ին Չինաստանը ԱՄՆ-ի 128 ապրանքների համար մաքսատուրքեր սահմանեց,  ավելի ուշ, ցանկում ավելացվեց եւս 106 ապրանք: