Այն մասին, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցեր, ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա։ Այս մասին ապրիլի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Սակայն, նրա խոսքով, այն փաստը, որ վերընտրվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն  իր առաջին արտասահմանյան այցը  կատարել է դեպի Թուրքիա, չի կարող հայկական կողմի մոտ որոշակի անհանգստություն չառաջացնել։

«Չնայած նրանց հարաբերությունները ռազմավարական չեն, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ են զարգանում։ Դա, իհարկե, մեզ պետք է անհանգստացնի»,–պարզաբանել է նա։

Միաժամանակ, նա նշել է, որ այդ հանդիպումները կապված չեն եղել հայ–թուրքական արձանագրությունների չեղարկման հետ, սակայն նրա կարծիքով, Ռուսաստանը պետք է գոհ լինի, որ այդ արձանագրությունները մեծամասամբ նախաձեռնել էր ԱՄՆ–ն։

Ամեն դեպքում, Կիրո Մանոյանը գտնում է, որ հայկական կողմը պետք է զգոն լինի եւ ուշադիր հետեւի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը: