Հանրապետության Նախագահ, Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան բնակելի շենքային համալիրի հիմնարկեքին (ֆոտոռեպորտաժ):
Հանդիսավոր միջոցառման շրջանակներում կազմակերպված մշակութային ծրագիրը դիտելուց հետո Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք շենքային համալիրի շինարարական նախագծերին եւ ծրագրի մանրամասներին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային այս համալիրում նախատեսվում է կառուցել 210 բնակարան, որը շուկայականից ցածր գներով հատկացվելու է երիտասարդ մասնագետներին: Համալիրը բաղկացած է լինելու 3 մասնաշենքերից եւ ունենալու է 15 հարկ: Առաջին հարկում կառուցվելու են հասարակական նշանակության տարածքներ։ Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, անցկացվելու է արտաքին լուսավորություն։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիարդ 7 միլիոն դրամ։ «Զեյթուն 3»-ի շահառուների հիմնական թիրախային խմբում են բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու ԳԱԱ գիտաշխատողները:
Սերժ Սարգսյանն այնուհետեւ մասնակցել է մայրաքաղաքի Պ. Սեւակի փողոցում վերոնշյալ ծրագրով կառուցված «Զեյթուն 2» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի պաշտոնական բացմանը, որի ժամանակ ԵՊՀ շրջանավարտների միավորումը ամփոփել է Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին սոցիալական բնակարանաշինության ծրագրի 10-ամյա գործունեությունը: Պատասխանատուների ներկայացմամբ՝ բոլոր ընթացիկ եւ առաջիկա ծրագրերով նախատեսված բնակարանների թիվը՝ 3302 է, կառուցապատումների ընդհանուր արժեքը՝ շուրջ 100 մլրդ դրամ: Արդեն իսկ կառուցված եւ ընթացքի մեջ գտնվող բնակարանների թիվը՝ 2012 է, իսկ կառուցման արժեքը՝ շուրջ 43.25 մլրդ դրամ:
Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց շենքային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ բնակարանային պայմաններին, մասնակցել շահառու՝ երիտասարդ ընտանիքներից մեկի բնակարանամուտին:
«Զեյթուն 2»-ի շահառուների թիրախային խմբում ընդգրկվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ գիտաշխատողներ եւ դասախոսներ, երիտասարդ բժիշկներ, արվեստագետներ, գիտնականներ, լրագրողներ եւ մանկավարժներ, ՀՀ բանկերում, վարկային կազմակերպություններում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպություններում աշխատող մասնագետներ, պետական եւ համայնքային ծառայողներ:
Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ այս համալիրն ունի 134 բնակարան: Համալիրի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է եւ ասֆալտապատվել, արմատապես նորացվել են կոմունիկացիոն համակարգերը:
Միջոցառման շրջանակներում Նախագահին ներկայացվել է նաեւ նոր կառուցվելիք մեկ այլ՝ «Վերածնունդ» բնակելի երիտասարդական ավանի նախագիծը, որը կմեկնարկի 2018թ. մայիսին եւ կավարտվի 2021թ. սեպտեմբերին: Կկառուցվի 1080 բնակարան:
Նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաեւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից «Զեյթուն 1, 2 եւ 3» ծրագրերի բազմաբնակարան համալիրների երիտասարդ ընտանիքների ակտիվ հանգիստը եւ ժամանցը կազմակերպելու նպատակով կառուցվող «ԻնՍպորտ» մարզահամալիրի շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզահամալիրի կառուցապատման ընդհանուր արժեքը կազմում է 1.72 մլրդ ՀՀ դրամ, բացումը նախատեսվում է իրականացնել 2018թ. սեպտեմբերին:



























