Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել կոռուպցիայի մեջ մեղադրվող կալանավորված պաշտոնյաների, նախարարների եւ թագավորական ընտանիքի անդամների գործերը, որոնք հրաժարվել են մինչդատական կարգավորման պայմաններից: Այս մասին կիրակի հայտնել է Asharq Al-awsatсо պարբերականը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազ Սաուդ ալ Համադին:
Նրա խոսքով՝ գերատեսչությունը «կոռուպցիայի մեջ մեղադրվողների նկատմամբ սկսել է քննչական եւ դատական ընթացակարգերը»: Ըստ որում՝ ալ Համադը հաստատել է, որ մի քանի անձինք մեղադրվում են ֆինանսական միջոցների լվացման, պետական անվտանգության խախտման եւ նույնիսկ ահաբեկչության մեջ:
Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայի Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ղեկավարությամբ, Էր Ռիադի Ritz Carlton հյուրանոցում կալանքի տակ էր պահում թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, պետական ծառայողների ու ձեռնարկատերերի՝ նրանց մեղադրելով ֆինանսական եւ պաշտոնեական հանցագործությունների մեջ: Ինչպես հայտարարել էր գահաժառանգ արքայազնը, մեղադրյալների 95 տոկոսը համաձայնվել է գործարքին՝ իրենց ակտիվների մի մասը փոխանցելով իշխանություններին պատճառած վնասի հաշվին, որը վերջին տարիներին հասել է 100 մլրդ դոլարի:
Հունվարի վերջին իշխանությունները հատարարել էին քննության ավարտի մասին: Ընդհանուր առմամբ հարցաքննվել է ավելի քան 300 մարդ: Ինչպես հաստատել են դատախազությունից, 56 մարդ, որոնք առաջարկը չեն ընդունել, մնում են կալանքի տակ եւ կկանգնեն դատարանի առաջ: Նրանց անունները չեն հրապարակվում:




























