Իրաքի Գերագույն դաշնային դատարանը մայիսի սկզբին Քուրդիստանից նավթի արտահանման օրինականության մասին լսումներ կսկսի, հաղորդում է Reuters-ը:

Նավթի տարաձայնությունները հիմնական խոչընդոտն է Կենտրոնական կառավարության եւ Իրաքի Քուրդիստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար:  Քուրդիստանն անցյալ տարվա հոկտեմբերին անկախության հանրաքվե անցկացրեց՝ չնայած Բաղդադի դիմադրությանը:

Գերագույն դաշնային դատարանը հայտարարել է, որ մայիսի 6-ին կլսի պաշտոնյաների, այդ թվում` կենտրոնական կառավարության վարչապետի, Իրաքի նավթի նախարարի եւ ֆինանսների նախարարի, ինչպես նաեւ Իրաքի Քուրդիստանի կառավարության ղեկավարի տեսակետները:

Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լուաիբին դատարանին խնդրել է արգելել Իրաքի Քուրդիստանից նավթի անկախ արտահանումը, որը սկսվել է 2014 թվականին Թուրքիայի տարածքի խողովակաշարով:

Էրբիլը պնդում է, որ Իրաքի Սահմանադրությունը ճանաչում է  Քուրդիստանի օրինականությունը եւ չի պարունակում հոդվածներ, որոնք արգելում են նրան նավթային ռեսուրսներ մշակել իր տարածքում: