Արցախի զորամասերից մեկում 2016թ.-ի հունիսին մարզումների անցկացման ժամանակ մահացած ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի գործով դատավճիռ է հրապարակվել՝ տուժող կողմից թաքուն: Այս մասին NEWS.am-ի զրույցում իր վրդովմունքն արտահայտեց մահացած զինծառայողի հայրը՝ Գարուշ Գրիգորյանը:

«Մարտի 13-ին մեր պաշտպանը գնացել է դատական նիստին, բայց ասել են՝ նիստը հետաձգվել է, դրանից հետո մի քանի անգամ էլ է մեր պաշտպանը գնացել, հետաքրքրվել, բայց ամեն անգամ ասել են, թե նիստը չի եղել: Այսօր էլ մեր պաշտպանը կրկին գնացել է դատարան, որտեղ նրան են տվել դատավճիռ, որը ըստ կայացվել է մարտի 13-ին: Այսինքն, ես ունեմ ընդամենը երկու օր՝ Վերաքննիչ դիմելու համար: Ինչպե՞ս կարելի է նման ապօրինություն թույլ տալ»,- ասաց Գարուշ Գրիգորյանը:

Զինծառայողին ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվող դասակի հրամանատար Վարուժան Բալայանն Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրողը 8 տարվա ազատազրկում էր պահանջել:

«Մեզ համար կարեւոր է, որ օրենքը պահպանվի, ամեն ինչ լինի օրենքով, ոչ թե առանց մեզ դատավճիռ հրապարակեն»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանը 2016թ.-ի հունիսի 17-ին ժամը 10:45-ի սահմանում Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:

Գործով մեղադրանք էր առաջադրվել դասակի հրամանատար Վարուժան Բալայանին: Նա կալանավորված է: