Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ Վերին Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առիթով. կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2018թ. ապրիլի 9-ին բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային եւ գլխուղեղի վնասվածքներով անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի մի բնակչուհի՝ ծնված 1939թ.: Պարզվել է, որ տարեց կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է Վերին Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կինը ճանաչվել է տուժող: Անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Պարզվել է, որ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին ժամը 11:00-ի սահմաններում, Վերին Խոտանան գյուղում համագյուղացու՝ 1958թ. ծնված տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Տղամարդը քարով եւ կացնի բութ մասով հարվածներ է հասցրել կնոջ գլխին: Նա ապրիլի 9-ին ձերբակալվել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող կացինը, ինչպես նաեւ քարեր՝ արնանման նյութի հետքերով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: