Փաստաբան Արայիկ Պապիկյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
NEWS.am-ի հետ զրույցում Արայիկ Պապիկյանը նշեց, որ Փաստաբանների պալատի խորհրդի կողմից նկատողություն է ստացել: Նշենք, որ կարգապահական վարույթ էր հարուցվել այն բանի համար, որ Արայիկ Պապիկյանը «Սասնա ծռերի» գործով նիստերից մեկին հրաժարվել էր խուզարկության ենթարկվել եւ չէր կարողացել մտնել նիստերի դահլիճ: Դատավորը դատական սանկցիա էր կիրառել փաստաբանի նկատմամբ եւ դիմել Պալատին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
«Երբ նիստերը տեսանկարահանել թույլ չեն տալիս՝ պատճառաբանելով, որ անհատական տվյալներ են պաշտպանում, ընդ որում պաշտպանում են մի անձի տվյալներ, որն ապօրինի է գործել, խոսքը Արտուշ Գաբրիելյանի մասին է: Փաստաբանների պալատը զբաղվում է՝ ավելի շատ Արտուշ Գաբրիելյանի պաշտպանելով, իսկ փաստաբանների պաշտպանության համար մենք պիտի դիմենք դատարան, որ մեզ պաշտպանի Փաստաբանների պալատից»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Ըստ փաստաբանի՝ Պալատի խորհրդում տեղի է ունենում իրավաբանությունից հեռու գործընթաց. «Խորհուրդը լծված է մի խումբ փաստաբանների նկատմամբ կամայական որոշումներ կայացնելով, հատկապես մի խումբ փաստաբանների նկատմամբ, որոնք պայքարում են արդարադատության եւ փաստաբանության հեղինակության համար: Փաստաբանների պալատը տեւական ժամանակ է՝ զբաղված է ոչ թե մեր իրավունքների պաշտպանությամբ, այլ անհասկանալի որոշումներով աշխատում են հենց մեր՝ փաստաբանների դեմ, հատկապես մի խումբ փաստաբանների դեմ»:




























