Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանին հնարավորություն է ընձեռել տեւական ժամանակ առանց համապատասխան հարկային հաշվառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` հարկային մարմնից թաքցնելով այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտները:
ՀՔԾ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Շիրակի մարզի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանը 2017 թվականի նոյեմբերին Գյումրիում առանց հարկային մարմնում հաշվառելու հիմնել է հացի արտադրամաս եւ զբաղվել հացի արտադրությամբ: Այդ մասին տեղեկանալով՝ Գ.Ուզունյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ձեռնարկատիրոջ կատարած իրավախախտման փաստը չարձանագրելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, միջոցներ չի ձեռնարկել Գ.Ուզունյանի կողմից առանց հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը եւ պետությանը պատճառված վնասի չափը պարզելու, ինչպես նաև հիշյալ անհատ ձեռնարկատիրոջը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ա. Հովհաննիսյանի գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՊԵԿ-ը, իսկ Գ.Ուզունյանին հնարավորություն է ընձեռնվել տեւական ժամանակ առանց հարկային հաշվառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ հարկային մարմնից թաքցնել այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտները:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարկային տեսուչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




























