Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր՝ ապրիլի 10-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է դատական վիճաբանությունների փուլը, նիստում տուժող կողմը հանդես է գալիս ճառով:
Նախորդ նիստում մեղադրող Արա Մնացականյանը պահանջեց մեղավոր ճանաչել ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով: Դատախազը պահանջեց մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանին նույնպես մեղավոր ճանաչել սույն հոդվածով եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով:
Նշենք, որ այդ հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին, երկու օր անց էլ նորածին աղջիկն էր մահացել: Գործով կա 2 ամբաստանյալ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Բախշյանը հղիությունը հսկած բժշկուհին է, իսկ Բաբելյանն էլ 2015թ.-ի հուլիսի 25-ին հերթապահը:




























