ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը Եվրոպական միությանը երկընտրանքի առաջ է կանգնեցնում եւ ստիպում մտածել, թե որ կողմում լինել։ Այս մասին գրում է վերլուծաբան Ֆերդինանդո Ջունգլիանոն Bloomberg-ի իր հոդվածում։

Նրա խոսքով՝ տեսականորեն, ԵՄ-ն ԱՄՆ-ի միակ դաշնակիցն է, քանի որ նրանք սերտորեն համագործակցել են Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր եւ կառուցել են բազմակողմ առեւտրային ինստիտուտներ, որոնք ներկայումս սպառնալիքի տակ են։ Սակայն, նա ենթադրում է, որ դիվանագիտական ռիսկերը կշռադատելու հարցում Թրամփի անփույթ մոտեցումը ԵՄ-ին կմղի դեպի Չինաստանը, քանի որ ԵՄ-ի գլխավոր ռազմավարական մոտեցումն առեւտրային բազմակողմ շրջանակները պահպանելն է։ «Հենց սա է ներկայումս Վաշինգթոնից ավելի շատ անհանգստացնում Պեկինին»,-գրում է նա։

Չինաստանի առումով շատ հարցերում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նույն դիրքորոշումն ունեն։ Երկուսն էլ տնտեսապես «մաքուր» ներկրողներ են՝ նրանց առեւտրային դեֆիցիտը կազմում է համապատասխանաբար 351 մլրդ եւ 178 մլրդ դոլար։ Վաշինգթոնը եւ Բրյուսելը նաեւ կիսում են Չինաստանի՝ տեխնոլոգիաների փոխանցման քաղաքականության շուրջ մտահոգությունը՝ մեղադրելով Պեկինին մտավոր սեփականությանը վնաս հասցնելու փորձի մեջ։

Միաժամանակ, հեղինակը նշում է, որ Չինաստանը հետեւում է առեւտրային կանոններին եւ նախագահ Սի Ցզիպինը բազմիցս Չինաստանին ներկայացրել է որպես գլոբալիզացիայի պաշտպան։ Այս առումով, Չինաստանի դիրքորոշումը համընկնում է ԵՄ-ի դիրքորոշման հետ։ Ավելին, վերլուծաբանը շեշտում է, որ վերջերս Չինաստանը սկսել է ավելի շատ «հոգ տանել» ԵՄ-ի մասին։ 

«Շատ ոլորտներ կան, որտեղ ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ դաշինքը հնարավոր է՝ Պեկինն իր  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համար ռազմավարական գործընկերներ է փնտրում։ Մի քանի երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիան եւ Գերմանիան, նախնական հետաքրքրություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ, եւ, հնարավոր է, որ այս գործընթացն ակտիվանա»,-գրել է նա։

Վերլուծաբանի կարծիքով, եվրոպական երկրներն էլ կարող են ակտիվ դեր խաղալ Ասիական զարգացման բանկում։ «Իհարկե, մենք հեռու ենք ԵՄ-ի՝ ի շահ Չինաստանի ԱՄՆ-ից անջատվելուց։ ԵՄ-ն դեռեւս շատ վերապահումներ ունի Պեկինի առեւտրային քաղաքականության վերաբերյալ, եւ դեռեւս դրանց վերացման քիչ ազդակներ կան»,-նշել է Ջունգլիանոն՝ հավելելով, որ Թրամփը Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ստեղծված հսկայական վստահությունն ու փափուկ ուժն կորցնելու ռիսկին է գնում։