Գերտերությունները հաշվի չեն նստում Սիրիական հակամարտության հարցում։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։

«Շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Մերձավոր Արևելքում Սիրիայի շուրջ։ Թվում է թե նախորդ տարիների անկայուն վիճակը ավելի կայուն է եղել, քանի հիմա։ Սիրիական հակամարտության պատմության մեջ այս վերջին տարիներին ռեալ վտանգ է նկատվում գերտերությունների կողմից, որոնք հաշվի չեն նստում միմյանց հետ։ Սիրիայում հակամարտող ուժերի միջև սրացումների հիմնական պատճառը եղավ քիմիական զենքի կիրառումը, սակայն ռուսական կողմը հերքում է այդ իրողությունը, իսկ արևմտյան կուալիցիան՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի, շարունակում է պնդել, որ քիմիական զենք կիրառվել է»,-ասաց Հայկ Քոչարյանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևում կոչ էր արվում պարզել, թե ում է պատկանում Սիրիայում քիմիական զենքի օգտագործման նախաձեռնությունը։ Արդյունքում, Անվտանգության խորհրդում Ռուսաստանը վետոյի ենթարկեց Միացյալ Նահանգների առաջարկը՝ երկարաձգելու ՄԱԿ-ի հետաքննչական խմբի մանդատը և միջազգային հանրության շրջանում այս հարցը մնաց չլուծված։

«Լարվածության սրացման ևս մեկ պատճառ էր Դեր Զորի մոտակայքում ռազմաբազայի ռմբահարումը։ Փաստացի ռմբահարման մեղադրանքը ուղղվեց Իսրաելին, որի նպատակը իրանական ենթակառուցվածքների թուլացումն էր։ Այսինքն, Իսրաելը իր շահերից ելնելով հարմար պահի էր սպասում շիական ու իրանական ազդեցությունը Սիրիայում թուլացնելու համար»,- ասաց բանախոսը, որի համոզմամբ այս լարվածության արդյունքում ծնվում է մեկ այլ վտանգ, ահաբեկչական խմբավորումները լիարժեք վերացված չեն և կարող են նորից գործողություններ սկսել։