Ավելի քան ակնհայտ է, որ Դումա քաղաքում որեւէ քիմիական զենք չի կիրառվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը: Նրա խոսքով՝ այս մասին այնքան շատ է խոսվել եւ գրվել, որ ավելացնելու ոչինչ չկա:

«Դժվար է ասել՝ արդյոք ամերիկացիները հարված կհասցնեն սիրիական ռազմաբազաների ուղղությամբ: Ամերիկացիներն արդեն այնքան շատ բան են ասել այս մասին, որ տարօրինակ կլինի, եթե նրանք այդպես էլ հարված չհասցնեն: Այսինքն, ավելի շուտ՝ այո, քան՝ ոչ»,- նշեց Խրամչիխինը` հավելելով, որ առաջիկա երեք օրերի ընթացքում իրավիճակը կհստակեցվի:

Ընդ որում, փորձագետը չի բացառել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ռազմական կազմավորումների հետ բախման հնարավոր վտանգը, որոնց մի մասը դեռ Սիրիայում է գտնվում: Փորձագետը խոստովանեց, որ իր համար չափազանց դժվար է կանխատեսումներ անել ամերիկացիների գործողությունների վերաբերյալ, քանի որ նրանց վարքում ռացիոնալն ավելի ու ավելի է պակասում: Սակայն այն, որ Ռուսաստանն ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակմամբ կպատասխանի, նրա կարծիքով, որեւէ կասկած չի հարուցում:

Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ ամերիկացիների համար կարեւոր է ցույց տալ իրենց առավելությունը համաշխարհային հանրությանը եւ Ռուսաստանին՝ դրանով իսկ ամրապնդելով իրենց գերիշխող դիրքը: Ամերիկացիների համար սա պարզապես հեղինակության հարց է, եթե ընդհանրապես կարելի է այդպես ասել:

Հիշեցնենք, որ սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակման մասին տեղեկությունները հայտնվել էին ապրիլի 8-ին: Սիրիա-ամերիկյան բժշկական ընկերությունը (SAMS) եւ ակտիվիստները պնդում էին, որ կառավարական ուժերը քլորինով ռումբեր են օգտագործել են, ինչի հետևանքով, BBC-ի տվյալներով, զոհվել է 70 մարդ:

ԱՄՆ-ն հարձակման համար մեղադրել էր Սիրիայի կառավարական բանակին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրառում էր կատարել՝ նշելով, որ երկրի նախագահ Բաշար Ասադը «թանկ կվճարի» դրա համար: Թրամփը Սիրիային աջակցության համար քննադատել էր նաեւ Ռուսաստանին եւ Իրանին. ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ռազմական պատասխանը բազմաթիվ տարբերակներ ունի:

Միեւնույն ժամանակ, սիրիական կառավարությունը հայտարարել էր, որ որեւէ մասնակցություն չի ունեցել քիմիական հարձակմանը: «Նման հաղորդումները պատրվակ են՝ Արեւելյան Գուտայում եւ Դումայում ահաբեկիչների մնալը երկարաձգելու համար»,- նշվում էր նախարարության հաղորդագրության մեջ: